Հունիսի 1-ին «Մեցցո» ակումբում համերգով հանդես եկավ Դիանա Դիկովսկին: Նա կատարեց իր հայտնի ու սիրված ստեղծագործություններից, հայերեն երգեր երգեց, նաեւ զուգերգով հանդես եկավ Ջորջ Բունիաթյանի եւ վրացի բլյուզմեն Կոկա Ցկիտիշվիլու հետ:
Համերգից առաջ մենք զրուցել ենք Դիանա Դիկովսկու հետ: Նա պատմեց իր զգացողություններից, անդրադարձավ երջանկության փիլիսոփայությանը, երաժշտության դերին, ջազի առանձնահատկություններին ու ապագայի իր պատկերացումներին:
Ամենամեծ երջանկությունն այն է, երբ ինքդ քեզ հետ կռիվ չես տալիս:
Կյանքի ընթացքում շատ հարցեր ենք ունենում, շատ «ինչո՞ւ»-ներ են լինում… Երբ այնպես է լինում, որ գալիս ես հանգստի մի վիճակի, երբ հոգիդ վերելք է ապրում, ինքդ քեզ հետ կռիվ չես տալիս, հանգիստ ես քո ես-ի հետ, այդ ժամանակ դու շատ երջանիկ ես, եւ ոչինչ այլեւս քեզ չի անհանգստացնում: Ես հիմա շատ երջանիկ եմ…
Երաժշտությունն այնքան է իմ մեջ, որ եթե անգամ չերգեմ էլ, մեկ է՝ այն իմ մեջ է ապրում:
Միշտ մտածում եմ՝ երբեւէ կարող եմ լինել առանց երաժշտության: Առաջ մտածում էի՝ չէ՛, չի կարող իմ կյանքն ընթանալ առանց երաժշտության: Սակայն երբ շատ ես լինում երաժշտության մեջ, հասկանում ես, որ կարող է եւ այն չլինել: Երաժշտությունն այնքան է իմ մեջ, որ եթե անգամ չերգեմ էլ, մեկ է՝ այն իմ մեջ է ապրում:
Ջազը գերում էր ինձ փոքր տարիքից:
Մայրս բժշկուհի է, բայց երբ նա խոսում էր, թվում էր՝ նրա խոսքի մեջ ջազային ելեւէջներ կան, նա ջազային ելեւէջներով է խոսում: Ես այդ ժամանակից եմ ջազը սիրել, ջազը կարծես իմ մեջ ի ծնե եղել է:
Ջազը միանշանակ ազատություն է:
Ամեն մարդ չի կարող իրեն թույլ տալ ջազ երգել: Պետք է քո ներսում լինեն այն երգելու զգացողությունը, ոճը, մշակույթը, մտածելակերպը: Ջազը պետք է ապրել:
Յուրաքանչյուր համերգից առաջ միշտ լարված եմ լինում:
Գուցե պատասխանատվության զգացումից է… Սուտ է, որ ասում են՝ բեմ դուրս գալուց առաջ չենք լարվում, ինչքան էլ պրոֆեսիոնալ լինես, մեկ է, այդ անհանգստությունը կա: Անհանգստությունն իսպառ վերանում է, երբ բեմում ես լինում, սկսում ես երգել, հանդարտվում ես, ամեն ինչ իր տեղն է ընկնում:
Հայաստանյան ունկնդիրներն իմ հարազատներն են:
Միշտ ասել եմ, որ Հայաստանի ունկնդիրներն ինձ հոգեհարազատ մարդիկ են, ովքեր լավ են ճանաչում ինձ եւ պատահական չեն գտնվում իմ համերգներին: Չնայած Մոսկվայում էլ է արդեն նույնը, իսկ Հայաստանում՝ առավել եւս, որովհետեւ նրանք իմ հարազատներն են, բարեկամները, մանկության ընկերները:
Կարոտս, միտքս միշտ կապված են Հայաստանին:
Ես Հայաստանից չեմ գնացել այն մտածումով, որ կարող է երբեւէ չվերադառնամ. հետադարձ հայացքս միշտ այստեղ է: Ես իմ տունն ունեմ այստեղ, մայրիկիս շատ եմ սիրում: Երբ այլ երկրում եմ լինում, կարոտս, միտքս միշտ կապված են Հայաստանին: Երբ ասում են՝ «Դինուլի՛կ ջան, քեզ ի՞նչ բերենք Հայաստանից», ասում եմ՝ «Տունս կբերե՞ք»:
Իմ ապագան շատ լուսավոր, տաքուկ երկրում եմ պատկերացնում, որտեղ միշտ ամառ է, թիթեռներ, ծաղիկներ կան…
Դիանա Դիկովսկին ապագայում շատ տարբեր կարող է լինել: Երբ մարդ տաղանդավոր է լինում, այնքան բան կարող է հորինել իր համար: Շատ բաներ եմ ուզում ունենալ ապագայում՝ իմ անձնական ակումբը, ոսկերչական ինչ-որ բրենդ, որովհետեւ հայրս ոսկերիչ է, ես էլ ոսկերչությունը շատ եմ սիրում, ուզում եմ նաեւ վոկալի իմ դպրոցն ունենալ: Իսկ այժմ շարունակում եմ դասավանդել եւ մարդկանց բուժել իմ երաժշտությամբ:
Հ.Գ.: Դիանա Դիկովսկին ծնվել է Երեւանում, ավարտել Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան, այժմ բնակվում է Մոսկվայում:
Հրաչուհի Ալմաստյանի
Последние события
Четверг, 04 Июнь 2015 00:00
Я сейчас очень счастлива
04 Июня 2015
Интервью Ди Диковски газете «Еритасард».